Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Հովիկ Աբրահամյանին համարում եմ հայ դեմոկրատիայի հայրը...»

«Հովիկ Աբրահամյանին համարում եմ հայ դեմոկրատիայի հայրը...»
12.09.2008 | 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՄԻԱՅՆ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՈՎ ՈՒՄ «ՅԱՆԻՑ Ա», ՈՎ ՈՒՄ ԴԵՄ Ա, ՈՎ ՈՒՄ «ԿՈԴԼԻՑ Ա»
…և ոչ միայն մշակույթի մասին
Բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍԻ հետ զրույցը ՀՀ-ում քաղաքական դաշտի չգոյության, մշակութային քաղաքականության, մտավորականի կեցվածքի, արվեստի ու արվեստագետի չափանիշների մասին է:
«ՄԵԶ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ...»
-Անկախությունից հետո, թերևս, ավելի հաճախ մշակույթի նախարարներն են փոխվել։ Դուք երկրորդն էիք՝ Պերճ Զեյթունցյանից հետո։
-Նշանակվել եմ 1991-ին և պաշտոնավարել մինչև 1996 թվականը (1991-1992թթ. ՀՀ մշակույթի նախարար է եղել Պերճ Զեյթունցյանը. «Ով ով է» կենսագրական հանրագիտարան, հ. 1, 2005, էջ 397- Ն. Բ.): Լևոն Տեր-Պետրոսյանի հետ եմ եկել: Երբ նախարարները հաճախակի են փոխվում` և՛ լավ է, և՛ վատ։ Օրինակ, երբ Ֆրանսիայում են նախարարները հաճախակի փոխվում, նշանակում է, որ մշակութային քաղաքականության, ծրագրերի փոփոխություն է կատարվում։ Մեզ մոտ ուղղակի անձինք են փոխվում՝ քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, որը, կարծում եմ, վնասում է մշակույթին։
-Ո՞րն էր Ձեր պաշտոնանկության պատճառը։
-Պատճառ չկար։ Կառավարությունները փոխվում են, և աշխարհում ոչ մեկի պորտը որպես նախագահ կամ նախարար չի կտրված։
-Ձեզ փոխարինեց Արմեն Սմբատյանը...
-Ես նրան չեմ հիշում։ Ինձնից հետո ինչ-որ մեկը եղավ, բայց ես Արմեն Սմբատյան չեմ հիշում։ Ես նրան հիշում եմ իբրև շատ «շուստրի» տղա:
-Երբ նշանակվեցիք նախարարի պաշտոնում, լիարժեք տիրապետո՞ւմ էիք ոլորտին, լավատեղյա՞կ էիք մշակույթի աշխարհին։
-Ընդհանրապես մշակութաբանության մեջ ես ինձ համարում եմ պրոֆեսիոնալ։ Ինչ վերաբերում է Հայաստանի մշակութային կյանքին, դա այնքան էլ բարդ բան չէր ինձ համար. համենայն դեպս, մի քանի ոլորտ լավ գիտեի, մնացածն էլ շատ արագ յուրացրի։
-Ձեր կարծիքով՝ մեզ մշակույթի նախարարություն հարկավոր չէ՞։
-Ըստ իս, մշակույթը, որը պետական ֆունկցիա չունի և մորֆոլոգիապես բնական՝ նատուրալ մշակույթ է, պետական ղեկավարում չի ենթադրում։ Եվրոպական որևէ երկիր, բացի Ֆրանսիայից, չունի մշակույթի նախարարություն։ Ինչո՞ւ։ Որովհետև եվրոպական մշակույթները պետական դիսցիպլին չեն ընկալում մի պարզ պատճառով. իրենք նատուրալ երևույթներ են։ Իսկ ֆրանսիական մշակույթը, որը կայսերապաշտական շրջանում է ստեղծվել և ֆրանկոֆոնիայի գաղափարները տարածելու խնդիր ուներ իր գաղութներում, ավանդույթի ուժով այժմ էլ պահպանվում է, ընդ որում, նախարարությունն այնտեղ կոչվում է ֆրանկոֆոնիայի և մշակույթի նախարարություն։ Այսինքն՝ այն ոչ թե Ֆրանսիայի ներսում կազմակերպում է երկրի մշակույթը, այլ Ֆրանսիայի մշակույթը մտցնում է արտաքին պետական քաղաքականություն։ Իսկ մեզ մոտ մշակույթը հենց նման ֆունկցիա է ձեռք բերում, այլասերվում է և դառնում պետական ֆունկցիոնալ կոնգլոմերատի մի բաղկացուցիչ. մշակույթի գործիչները սկսում են նախ լիզել պետության ոտքերը, այնուհետև պետությունը սկսում է օգտագործել նրանց։ Մի խոսքով՝ ստացվում է պետական մշակույթ։ Իսկ աշխարհում ամեն ինչ կարող է լինել պետական, բացի երկու բանից՝ հոգուց և մշակույթից։ ՈՒստի ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի ոչ թե մշակույթի, այլ մշակութային արժեքների և հուշարձանների պահպանության նախարարություն։
-Այսօր ունե՞նք մշակութային քաղաքականություն։
-Չգիտեմ։ Բացարձակապես չեմ հետաքրքրվում։
-Երբևէ չե՞ք առնչվում մշակույթի նախարարության հետ։
-Իսկ ինչո՞ւ պետք է առնչվեմ։ Կրկնում եմ՝ Հայաստանի Հանրապետության մշակութային կյանքը չպետք է ունենա գերատեսչական դիկտատ։
-Երբ նախարար էիք, այն ժամանա՞կ նույնպես մտածում էիք, որ մեզ հարկավոր չէ մշակույթի նախարարություն։
-Այո, 91-ից սկսած՝ այդպես եմ կարծում: Նույն թվականին այդ մասին գրել եմ:
«ԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶԶՎՈՒՄ ԵՄ...»
-Ողջունեցի՞ք Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն։
-Անպայման։ Ի դեպ, ասեմ, որ նրա նախագահության օրոք կառավարության զգալի մասը կուսակցական չէր, և ես՝ նույնպես։
-Շարունակո՞ւմ եք մնալ նրա թիմում...
-Ես ընդհանրապես ոչ մի թիմում չեմ։ Ինքս առանձին թիմ եմ։ Ես քաղաքական մարդ չեմ, քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել, և մշակույթի նախարարի պաշտոնն էլ քաղաքական պաշտոն չէ։ Եվ ես իմ պաշտոնավարման տարիներին ամեն ինչ արել եմ, որ այդ պաշտոնը չքաղաքականացվի:
-Ինչպե՞ս սատարեցիք առաջին նախագահին։
-Արվեստագետի համար որևէ մեկին սատարելու մի ձև գիտեմ միայն. դա ընտրությունն է։ Սատարում են ընտրությամբ։ Ես «մասսավիկ» չեմ, զանգվածների հետ չեմ աշխատում, նրանց վրա նույնպես չեմ աշխատում, ես գրող եմ, աշխատում եմ իմ տանը։ Այսքա՛նը։ Ես քաղաքական գործիչ չեմ, ես քաղաքականությունից զզվում եմ, մանավանդ՝ ՀՀ-ում առկա քաղաքականությունից։ Ինչո՞ւ։ Որովհետև այն գոյություն չունի։ Հայաստանը չի կարող ունենալ քաղաքականություն։ Հայաստանում գոյություն ունեն միայն ներքին հարաբերություններ. ով ում «յանից ա», ով ում դեմ ա, ով ում «կոդլից ա»։
«ՄԵՆՔ ԱՄՈՐՖ ՄԱՄՈՒԼ ԵՎ ԱՄՈՐՖ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ»
-Ինչպե՞ս եք գնահատում մամուլի այն հաղորդագրությունը, ըստ որի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը սպասարկում է արտերկրի շահերը, որ նրա, այսպես կոչված, տերերը դրսում են։
-Այդ հարցը տվեք ԱԱԾ ղեկավարին... Արտերկրից ֆինանսավորվում են մեր հեռուստաընկերությունները և ձեր թերթերը։ Հետևողականորեն այլասերվում է մեր լեզուն, համակարգված ձևով մեր առօրյան մեկնաբանվում է բոլոր կոնտուրներից դուրս, ամբողջովին բացակայում է հոգևորը։ Որևէ արժեք, դավանաբանություն կամ ոչ դավանաբանություն չկա։ Մենք ամորֆ մամուլ և ամորֆ հեռուստատեսություն ունենք:
«ԲԱՐԻԿԱԴՆԵՐԻ ՎՐԱ ՉԵՄ ԵՂԵԼ, ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՉԵՄ»
-Նժդեհն ասում էր. «Քննադատել` նշանակում է տառապել... Եթե քննադատը չի տառապում, նա վուլգար չարախնդացող է և ոչ քննադատ»։ Իրո՞ք Տեր-Պետրոսյանի սիրտը ցավում էր մեր ժողովրդի ու երկրի համար։
-Եթե Ձեզ հետաքրքրում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականություն մտնելու մոտիվացիան անկեղծ էր, թե ոչ, իհարկե, անկեղծ էր։ Բարձր մտավորական` պետական մտածողությամբ։ Ծիծաղելի է նրան վարկաբեկելը։
-Որտե՞ղ էիք մարտի 1-ին։
-Քաղաքում։
-Այսի՞նքն։
-Միտինգում չեմ եղել, միտինգներին առհասարակ չեմ մասնակցել, բարիկադների վրա չեմ եղել, հեղափոխական չեմ։ Ես գրող եմ։
-Քաղաքական թեժացումներ ակնկալո՞ւմ եք։
-Ո՛չ, չեմ ակնկալում։
«ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐՆ էԼ ԵՆ ՔԾՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ էԼ»
-Ժողովուրդը մի տեսակ երկփեղկված, հուսալքված է...
-Օրերս Արաբկիր համայնքում թաղապետի ընտրություններ էին։ Նույն ժողովուրդը գնացել և ընդդիմությանը տվել է ճկույթի չափ ձայն, իսկ Ալբերտ Երիցյանին՝ քառակի։ Վաղն Արարատ Զուրաբյանը Կենտրոնում առաջադրվելու է, տեսնենք` քանի՞ ձայն է ստանալու։ Ես մի բան գիտեմ. ընդդիմության ներկայացուցիչն իրավունք չունի 5 հազար ձայն ստանալու ընտրությունների ժամանակ։ Եվ եթե յուրաքանչյուր ընտրության ժամանակ ընդդիմությունը պետք է գնա 5 հազար ձայն ստանա, իսկ իշխանությունը՝ 20 հազար, ուրեմն՝ կեցցե՛ն այս իշխանությունները։ Ժողովրդի անունից, ուրեմն, պետք չի խոսել։ Նույն Հովիկ Աբրահամյանին ո՞վ է ընտրել պատգամավոր։ Նույն ժողովուրդը։
-Ստրուկի հոգեբանությունից չենք ձերբազատվել:
-Շատ ճիշտ եք։ Քաղաքական նկատառումներից ելնելով` այսօր մեր ժողովրդին քծնելու սովորություն ենք ձեռք բերել։ Իշխանավորներն էլ են քծնում ժողովրդին, ընդդիմությունն էլ։
«ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ԿՈՄՍՈՄՈԼԸ՝ «ԲԱԶԵՆԵՐՈՎ», ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐՈՎ...»
-Անկախության շրջանի մեծագույն վրիպումը...
-Շատ են։ Դժվար է թվարկել։ Հայաստանի երրորդ հանրապետությունն օրինական ժառանգորդը դարձավ Հայաստանի երկրորդ հանրապետության՝ բոլոր առումներով։ Մենք նոր երկիր չենք ստեղծել։ Իսկ վերջին 7-8 տարում գրեթե վերականգնում ենք Սովետական Հայաստանի բոլոր կառույցները. կոմսոմոլը՝ «բազեներով», երիտասարդական կազմակերպություններով, ուսանողական խորհուրդներով, նույն ծախվածությունը մեր մեջ, նույն վախկոտությունը, նույն քծնանքը, նույն կարիերիզմը, նույն կաշառակերությունը, նույն հովանավորչությունը...
-Այնուամենայնիվ, ի՞նչն է Ձեզ ամենից շատ մտահոգում մեր իրականության մեջ։
-Երբ իր 3-4-հազարամյա պատմությամբ հպարտացող ժողովուրդը, որը Մատենադարան ունի, Նարեկացի և բազմաթիվ այլ զանգուլակներ է կախում իր վզից ու իր մեկուկես միլիոնանոց քաղաքում ընդամենը երկու գրախանութ ունի, նշանակում է, որ մենք տանուլ տված ժողովուրդ ենք։ Եթե մեր գրախանութում 500 տպաքանակով Դոստոևսկու գիրքը չի սպառվում, որի գինը 1000 դրամ է, դրանում մեղավոր չեն ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ նախագահները։
-Կարծես թե նոր հայի կերպար է ձևավորվում մեզանում։
-Փողոցում տեսնում ենք նոր հային՝ հաստավիզ, դաջվածքները թևերին ու ուսերին, գլուխը սափրած և 2-3 իդեալի հետևից լեզուն կախ գցած վազելով՝ մեքենայի, աղջկա և փողի։ Բայց, կարծում եմ, սա անցողիկ երևույթ է, նոր հայի իդեալն ինձ համար բոլորովին ուրիշ է։ Իսկ ընդհանրապես, կարծում եմ, բոլոր այն ժողովուրդները, որ անցել են 21-րդ դար, ընտրյալ ժողովուրդներ են։
-Գայթակղված փախուստ է ավանդապաշտությունից։ Սիլվա Կապուտիկյանի խոսքով՝ «Մեր հոգու դաշտն ախտահարված է ապազգայնության էրոզիայով»։
-Փախուստը կա, բայց դեպի ո՞ւր։ Ինչի՞ց ենք փախչում՝ գիտենք, բայց ո՞ւր՝ չգիտենք։
-Հիմա քաղաքական դաշտում ամենից թեժ թեման Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ դարձնելու գործընթացն է։
-Ես Հովիկ Աբրահամյանին համարում եմ հայ դեմոկրատիայի հայրերից՝ գիգանտներից մեկը, և, կարծում եմ, վիթխարի առաջընթաց կլինի, եթե նա դառնա ԱԺ նախագահ։
-Ժողովուրդն անվերջ ընդվզում է, բայց ընտրությունների ժամանակ հլու-հնազանդ, խոնարհաբար ձայն է տալիս նրան, ում չի ուզում։
-Կարծում եմ` այսօր ժողովուրդը չի կարողանում լավ ընտրություն անել կամ իր ընտրությանը տեր կանգնել միայն այն պատճառով, որ իր մեջ իդեալ չկա։ Նա չի կարդում, կտրվել է ամեն ինչից, որովհետև ինքը մտավորականին պատկերացնում է քաղաքական գործիչ։ Փողոցով անցնում ես, փոխանակ ասելու՝ ինչ լավ գիրք ես գրել, ինչ լավ թարգմանություն ես արել, ասում են՝ կեցցես, որ դու Լևոն Տեր-Պետրոսյանի «կողմից» ես։ Պետք չէ մտավորականի կերպարը ժողովրդի աչքում դարձնել քաղաքական գործչի կերպար։ Գիրքը պետք է ազգի մեջ ֆունկցիա ունենա։ Եթե դուք այսօր գնաք Գերմանիա և հարցնեք՝ Գերմանիայում ամենամեծ քաղաքական գործիչն ո՞վ է, չեն ասի՝ Անգելա Մերկելը, կասեն՝ Գյոթեն կամ Հումբոլդտը։
«ՊԵՏՔ ՉԷ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԿԵՐՊԱՐԸ ԴԱՐՁՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ԿԵՐՊԱՐ»
-Ո՞րն է Ձեր սեղանի գիրքը։
-Աստվածաշունչը։ Արդեն երեսուն տարի։
-Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք։
-Եթե Աստված ինձ ևս տասը տարվա կյանք տա, կարող եմ վստահաբար ասել, որ ինձնից երջանիկ կյանք ոչ ոք չի ապրել։ Ինչ երազել եմ, իրագործել եմ։ Այս պահին էլ ինտենսիվ աշխատում եմ, գրում եմ, թարգմանում։
-Որտե՞ղ եք Ձեզ տեսնում։
-Իմ տանը, իմ գրասեղանի առաջ։
-Չե՞ք կարծում, որ խորհրդային տարիներին գրողներն ավելի համարձակ գործեր էին ստեղծում, քան հիմա:
-Համարձակությունը գեղագիտական կատեգորիա չէ։ Համարձակությամբ մարդուն կարող ես մի պահ գրավել, բայց չես կարող ապրեցնել։ Համարձակությունը գրականության չափանիշ չէ։
-Ակնհայտ է, որ նախկինում ավելի շատ էին ազգային թեմաներով ստեղծագործողները։
-Ազգային թեման ի՞նչ է, ես չգիտեմ։ Ինձ անծանոթ է։ Ի՞նչ կարևոր է, ասենք, ազգային թեմաներով բեմադրություն անելը։ Կարևորը լավ բեմադրություն անելն է։ Զզվել ենք այս քաղաքականությունից, բոլոր քաղաքական գործիչներից: Այսօր Հայաստանում լավ բանաստեղծներ կան, որոնց մասին մենք պետք է խոսենք: Պոետներ, որոնք Գևորգ Էմինից, Վահագն Դավթյանից կամ Սիլվա Կապուտիկյանից 10 գլուխ բարձր են:
-Ովքե՞ր են նրանք։
-Օրինակ՝ Հենրիկ Էդոյանը, Հրաչյա Սարուխանը...
«ՊՂԾՎՈՒՄ Է ՀԱՅ ԵՐԳԸ, ՀԱՅ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅ ՄԵԼՈՍԸ... »
-Նախագահի պետական մրցանակի՞ն ինչպես եք վերաբերվում։
-Կարծում եմ, որևէ պետություն իրավունք չունի գրողին մրցանակ տալու, կարող է ընդամենը շքանշան տալ՝ որպես ծառայությունը գնահատող քաղաքացիական պարգևատրում։
-Պետական մրցանակը քաղաքակա՞ն մրցանակ է։
-Իհարկե։ Եթե պետությունից մրցանակը ստանում են, պետք է այդ պետությանը դուր գան, չէ՞։ Կարո՞ղ է պետությունն «այլախոհին» մրցանակ տալ։ Ի՞նչ է նշանակում նախագահի մրցանակ։ Նախագահը չի կարող գրողին մրցանակ տալ, հակառակը հնարավոր է։ Լրագրողներն էլ գալիս, հարցնում են՝ ի՞նչ կարծիքի եք, որ Դավիթ Հովհաննեսը մրցանակ է ստացել։ Փոխանակ հարցնեն՝ ի՞նչ կարծիքի եք, որ էս երկրում գրականությունն առնվում է, թատրոնն առնվում է, մշակույթի ոլորտում կոչումները և պաշտոնները տրվում են ծառայությունների համար։ Մշակույթի նախարարությունն ինչի՞ համար ենք պահում, որ կանչի, Շուշան Պետրոսյանին մրցանակ տա՞, թե՞ կանչի Նունե Եսայանին՝ ժողովրդական արտիստի կոչում տա կամ՝ Թաթային, որ պղծում են հայ երգը, հայ մտածողությունը, հայ մելոսը և մեզ դարձնում թուրք կամ արաբ։
-Մեր ազգային ինքնապաշտպանական բնազդը չի՞ բթացել։
-Ոչ մի բնազդ չես կարող բթացնել, եթե այդ բնազդն արժեքի պահպանությանն է միտված։ Դարասկզբի հայ իրականության ամենամեծ ողբերգությունն այն էր, որ հողը, հայրենիքը իդեալներ չէին մեր ժողովրդի համար, դրա համար նա դրանք շատ հեշտությամբ թողեց։ Դրա համար կոտորվեց։ Եթե ժողովուրդն իդեալ չունի, պաշտպանելու բան չունի, անցնում է «որտեղ` հաց, այնտեղ կաց» կարգախոսին։
-Մշակույթի բոլո՞ր չափանիշներն են խեղված մեզանում։
-Օրերս մի մեծ արվեստագետ եթերից տգետ-տգետ խոսում էր, որ լավ էլ թատրոն ունենք հիմա. Հրանտ Թոխատյանը Ստանիսլավսկու թատրոնում իր խոխմեքն անում է, ժողովուրդը՝ լիքը լցված՝ կչկչում է։ Վարդան Պետրոսյանն իր խոխմեքն անում է, կչկչում են. կա՛ թատրոն, ո՞նց չկա։
-Վարդան Պետրոսյանի ներկայացումները դիտել եմ, այդ կարծիքին չեմ. այնտեղ ավելի շատ լացելու բան կա, քան կչկչալու:
-Այդ արվեստագետը փաստացի ճիշտ է ասում։ Որովհետև ինքն արվեստը հասկանում է որպես թամաշա, որպես շոու, մի տեղ, որտեղ պիտի լիքը մարդ լինի ու հռհռան։ Տգետը չգիտի, որ արվեստը, մշակույթը հայ մարդու մեջ իդեալներ ձևավորելու համար են։ Որովհետև վաղը եթե թուրքը վրա տա, Վարդան Պետրոսյանի կամ Հրանտ Թոխատյանի հանդիսատեսը չգիտի՝ ինչի համար պիտի ելնի թուրքի դեմ։ Իդեալ չկա։ Պետությունը նախընտրում է Թաթային Տիգրան Մանսուրյանից։ Համակարգված քաղաքականություն է սա։
-Իսկ ի՞նչ գործառույթ ունի այսօր գրողների միությունը։
-Գրողների միությունը մեկ գործառույթ պետք է ունենա՝ ստեղծել գրական մամուլ, որ չկա։ Մի պատի թերթ ունի՝ «Գրական թերթը», որ պատերի ներսում տպում են, իրենք էլ կարդում՝ 200 օրինակ։
-Իշխանությունները խոստացել են, որ շուտով մշակութային հեռուստաալիք կունենանք։
-Սարսափում եմ այդ հեռուստաալիքից։ Որովհետև, վստահ եմ, պրոպագանդելու է երրորդ հանրապետության սարքած մշակույթը։ ՈՒրիշ բան չսպասեք։
Հարցազրույցը՝ Նվարդ ԲՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4580

Մեկնաբանություններ